-11-

ՎԵՐԱՆՈՐՈԳՉԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍԿԻԶԲԸ*

(«Խռովք»-ի առաջադրութիւնները)

...զի ոչ սիրեն Հայքս իմաստ կամ գիտութիւն,
այլ ծոյլք են եւ ձանձրացողք:

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ

    Դեռեւս Ե. դարում հայ մտաւորական ընտրանին անհրաժեշտութիւն զգաց իր ստեղծագործական ճիգերի մէջ մտցնել իմաստասիրական գիծը: Այդ եւ յաջորդ մի քանի դարերի հայ մտաւորականները հպարտանքն ունէին իրենց անւան կցել «փիլոսոփոս» կամ «իմաստասէր» մակդիրը:
    Դրանք կարողանում էին ժամանակի գիտական ոգին կայտառ պահել` Հայաստանում:
    Յետնական դարերում, սակայն, երբ «դպրոցապաշտութեան» (սխոլաստիցիզմ) կապանքներից ազատագրւած եւրոպական մտածումն իմաստասիրութեան մարզում բռնեց նոր եւ վիթխարի նւաճումների ուղին - Հայաստանի պատմութիւնը մեզ պարտադրեց հոգեւոր կեանքի անկման մի շրջան:
    Մենք չօգտւեցինք Վերածնութեան (Ռենէսանս) եւ լուսաւորութեան դարաշրջանների գիտական ոգորումներից, այլ զարկ տւինք ոչ-գիտական կամ կիսագիտական գրական սեռերին եւ աստիճանաբար խորթացանք իմաստասիրելու արւեստին: Եւ այդ ա՛յն չափով, որ առանց այն էլ վիպապաշտութեան խոր ազդեցութեամբ դրոշմւած, 19-րդ դարում սկսւած մեր վերածնութիւնը, չկարողացաւ յօգուտ գիտական-իմաստասիրական մտածման արդիւնքների որդեգրման` մի ուղեփոխութիւն առաջ բերել: Միւս կողմից` հենց նոյն վերածնութեան շնորհիւ, ասպարէզից վտարւած գրաբարի հետ, հների ստեղծած արժէքներն էլ դարձան, գրեթէ, մեռեալ տառ:
    Նախնեաց մտաւոր արդեանց ստորագնահատման զուգահեռ` գերագնահատւեց «առօրեան» եւ գործնականում անտեսւեց ա՛յն ճշմարտութիւնը, թէ ժողովուրդների պատմութիւնն ուժական մի առաջընթաց է (դինամիկական մի պրոցես), յորում ամեն «ներկայ» պայմանաւորւում է «անցեալ»-ով, ամեն «լինելի»` մի «եղեալ»-ով: «Առօրեան» մի

-12-

դատարկութիւն է, որ ուզում է լեցւել պատմագործ «ես»-ի ինքնարձանացմամբ, դառնալ յաւիտենարժէք «ներկայ»:
    Թէպէտեւ, հայ իմաստասիրութիւնը 15 դարու պատմութիւն ունի, բայց այսօր ողբալի է մեր գիտական պաշարը եւ ամօթալիօրէն աղքատ` մեր փիլիսոփայական գրականութիւնը:

* * *

    Պատճառները, որոնց հետեւանքով հայ մտածումն իմաստասիրութեան մարզում, գրեթէ, անպտուղ մնաց, բաժանւում են երկու կարգի.
    ա) Առարկայական-պատմական.
    բ) Ենթակայական-հոգեբանական:
    Պատճառների առաջին խմբակցութիւնը պայմանաւորւում է Հայաստանի բնութեան ներանջատական նկարագրով եւ մեր քաղաքական ճակատագրով:
    Իմաստասիրութիւնը յօրինւածների (սիստեմների) մի գիտութիւն է, իսկ երկրի անմիաձոյլ նկարագիրը, պատմական աղիտաւոր ցնցումները, անկանոն եւ ընդհանրապէս աննպաստ քաղաքական ելեւէջները զրկելով ժողովուրդը սեփական կեանքն յօրինւածաբար կազմակերպելու կարելիութիւնից - նրան անընդունակ պիտի դարձնէին զարգացնել մտածումի այնպիսի բարդ մի հիւսւածք, որպիսին է իմաստասիրութիւնը:
    Ինչո՞վ բացատրել, ուրեմն, ա՛յն փաստը, որ Հայկական «ես»-ը չկարողացաւ բնական իրողութիւններն ու պատմական անցքերը պատշաճեցնել իր կենսական շահերին կամ ուրիշ խօսքով, ի՞նչպէս եղաւ, որ մեր գոյութեան կռւում, «առարկայական իրականութիւնները» յաղթահարեցին մեզ:
    Որո՞նք էին արգելիչ պատճառները - արդեօ՛ք, միայն թշնամիների քանակական գերազանցութի՞ւնը, միայն երկրի եւ շրջապատի աննպաստ պայմաննե՞րը: Բայց ոյժերի տնտեսութեան օրէ՞նքը - ժողովրդական կամ ազգային կազմակերպեալ կորովի (էնէրգիա) նպատակայարմարօրէն սակաւ սպառումով շատ արդիւնքներ ձեռք բերելու արւե՞ստը: Մեր բարձրաւանդակի իրաւամբ անառիկ դի՞րքը:
    Առա՛նց ժխտելու արտաքին ծանր պայմանների եւ գործօնների դերը, չենք կարող (եւ պէտք չէ՛) ուրանալ մեր ենթակայական մեղքերը:
    Բարոյական մեղքերը քաւելու համար, քրիստոնէական եկեղեցին յանձնարարում է զղջում: Պատմա-քաղաքական մեղքերը քաւելու համար, գիտութիւնը յանձնարարում է անցեալի աննախապաշար վերագնահատում, այսինքն` հին ճշմարտութեանց թօթափում եւ նոր ճշմարտութեանց որդեգրում:

-13-

    Վերագնահատելով մեր անցեալը` պիտի խոստովանւենք, որ ենթակայական մեր անթիւ մեղքերը սրւեցին, դարձան անյաղթելի չարիք նաեւ այն պատճառով, որ մեր կեանքի ու գործի մեջ գիտականութիւն չմտցրինք:
    Եւ չմտցրինք, շնորհիւ մասամբ ա՛յն թերութեան, որ արդէն 13 դար առաջ, մատնանշում է Շիրակացին. «...զի ո՛չ սիրեն Հայքս իմաստ կամ գիտութիւն, այլ ծոյլք են եւ ձանձրացողք»:
    Ցայսօր էլ սրբագրումի փորձ չարեցինք եւ հետեւանքն ա՛յն եղաւ, որ հոգեւոր ծուլութեամբ պայմանաւորւած մտաւոր մակերեսայնութիւնը, ահա՛, խեղդում է մեզ:

* * *

    Այսօր, մեր կեանքի ո՛ր կողմն էլ վերցնենք` գիտականութեան փոխարէն հանդիպում ենք բանդագուշանքի, մտածումի փոխարէն` յոյզի, ձեւի փոխարէն` քաոսի, կազմակերպութեան փոխարէն` անկանոնութեան:
    Միայն գաղութներում հրատարակում ենք հարիւրի չափ թերթ-պարբերաթերթեր, որոնց 90 տոկոսը ծառայում է տգիտութեան եւ հոգեւոր պառակտումի գործին: Ունինք հարիւրաւոր «վարժարաններ», բայց հազիւ 1-2 կանոնաւոր դպրոցներ: Ունինք հազարից աւելի «վարժապետներ», բայց մանկավարժութեան սկզբունքներին ծանօթ, հազիւ, 1-2 տասնեակ ուսուցիչներ:
    Աւելի՛ն:
    Ունինք ահռելիօրէն սրւած գոյութեան կնճիռ-թափառական ժողովուրդ եւ քաղաքականապէս յօշոտւած հայրենիք: Բայց վերակազմական, վերանւաճողական համազգային ճի՞գ... Մեր մտաւորականութեան մի մասն է միայն երկնում: Միւսը` նստած ռուսական տակառում, երերւում է հայոց խռովայոյզ լճակի ալիքներին եւ թմբուկ զարկում` «աշխարհի մէկ վեցերորդականի» համար: Երրորդը` բացել է երախը եւ խօսքի ցեխ է թափում: Չորրորդը` փակել է ոգու դուռը եւ սեփական տկարութիւնն է որոճում: Իսկ թո՞ւրքը - նա քշում է իր երիվարը հայոց ամայացած դաշտերով, բարձրանում մեր հպարտ լեռները, տրորում նրանց զգայուն կուրծքը եւ մնում... անպատիժ:
    «Արթնացի՛ր, Հայաստա՜ն», անհրաժեշտ, բայց տարաժամ կոչ, անհրաժեշտ` որովհետեւ, ահարկու է մեր կեանքի խռովքը, տարաժամ` որովհետեւ, ճշմարիտ գիտութեան համար անասելիօրէն խուլ են մեր ականջները եւ զարհուրելիօրէն կոյր` մեր աչքերը: Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք` մրափում ենք աղէտից յետոյ էլ:

-14-

    Ինչո՞վ բացատրել այս երեւոյթը. կենսաբանական տկարութեա՞մբ: Բայց ինչե՜ր կարող էր անել իր ճակատագրի խռովքը գիտակցօրէն ապրող 2-3 միլիոնանոց ժողովուրդը:
    «Իրապաշտական» սոփեստութիւնները, «առարկայական» փարիսեցիութիւնները չեն անցնում` այլեւս:
    Երեւոյթը բարոյագիտապէս բացատրւում է ա՛յն փաստով, որ հայ մտաւորականութիւնը հակառակ սքանչելի բացառութիւնների, ո՛չ ցեղի ամօթանքն ապրելու առաքինութիւն ունի, ո՛չ էլ` ինքնափրկութեան հաւատ:
    Եւ չունի մասամբ շնորհիւ հոգեւոր ծուլութիւնից, մտաւոր մակերեսայնութիւնից ծագած չարիքների:
    Ունի՛նք մի հայրենիք - վեհակառոյց մի բարձրաւանդակ - վերծանե՞լ ենք նրա բնութեան խորհուրդները:
    Ունի՛նք մերթ փառքով օծւած, մերթ մրով ծեփւած մի պատմութիւն. իմաստասիրե՞լ ենք նրա մասին, ծանոթացե՞լ նրա ընթացքի յատկորոշ ելեւէջներին, նրա զարգացման ներքին օրէնքներին, ղեկավար սկզբունքներին:
    Ունի՛նք կենսական եւ հոգեկան բարձր կարողութիւններով օժտւած մի ժողովուրդ - կենսաբանական ուժականութեան (բիոլոգիական դինամիկա) անսպառ մի շտեմարան - ուսումնասիրե՞լ ենք նրա մարդա-հոգեբանական իւրայատուկ գծերը, փորձե՞լ ենք գիտական լոյսի տակ դնել նրա առաքինութիւններն ու մոլութիւնները, սրբագրել նրա հոգեբանական թերիները, մշակել` դրական կողմերը:
    Ինչո՞ւ զարմանալ, որ չկարողացանք մեր բարձրաւանդակի ռազմագիտական անառիկ կէտերն օգտագործել մեր ինքնապաշտպանութեան համար, կամ` մեր ժողովրդի կենսա-հոգեկան կարողութիւնները վերածել դիմադրական եւ ստեղծագործ ոյժի, կամ` մեր մտաւորականութեան պարտադրել ազգայնօրէն ձեւակերպեալ մի աշխարհայեցողութիւն, գէթ, համահայկական եւ համահայաստանեան զգացում:
    Ինչո՞ւ դժգոհել աշխարհից, երբ ինքներս խորշելով իմաստասիրելու արւեստից` զրկւեցինք մեր հոգեւոր եւ մարմնական ոյժերը գիտականօրէն կազմակերպելու կարելիութիւնից, դարձանք անոյժ եւ անսկզբունք մի հօտ, խաբւեցինք քաղաքական բոլոր «առեւտուրներ»-ի մէջ եւ ճշմարտօրէն հերոսական մեր պայքարների պատմութիւնը փակեցինք պարտութեամբ:

* * *

    Ձեռնարկելով այս «փիլիսոփայական-գիտական» ամսագրի հրատարակման` ամէնից առաջ, պիտի ջանանք դարմանել այս թերի-
-15-

ները, այսինքն` վերացնել ա՛յն պատճառները, որոնք մեզ պահում էին մտաւոր մակերեսայնութեան շրջագծում:
    Դրա համար, հոգեփոխութեան փորձերին զուգահեռ` մենք պիտի կատարենք յօրինւածական աշխատանք, ճգնելով իրականացնել հետեւեալ առաջադրութիւնները.
    ա) Յօրինւածի (սիստեմ) վերածել հայ մտածման արդիւնքները, այսինքն` ցուցահանել հայ փիլիսոփայութեան գծերը, մշակել նրա պատմութեան եւ ներածութեան տարրերը: Ուսումնասիրել նաեւ այժմու հայ կեանքի հոգեւոր խմորումները եւ վերլուծել որոշ աշխարհայեցողութիւն ունեցող հայ հոսանքների գաղափարաբանութիւնը:
    բ) Լոյս սփռել հայոց հոգեբանական առանձնայատկութեանց վրայ, միջոցներ առաջարկել մեր հոգեբանական թերիները սրբագրելու եւ առաւելութիւնները համացեղային ստեղծագործ կորովի խթանն ու խարիսխը դարձնելու: Հոգեբանօրէն կազմակերպել մեր ցեղի ինքնապաշտպանութեան եւ վերափրկումի գործը:
    գ) Մշակել հայոց պատմութեան փիլիսոփայութիւնը: Գիտական ուսումնասիրութեան նիւթ դարձնել մեր պատմական կեանքի միջավայրը -Հայկական Բարձրաւանդակը - իր բնական, աշխարհագրական, ցեղագրական, մարդաբանական, տնտեսական, կրօնական եւ այլ առանձնայատկութիւններով:
    դ) Լոյս սփռել հայոց պատմական կեանքի, ընկերաբանական կառոյցի եւ սրա հոլովոյթների վրայ: Արժէքաւորել մեր կեանքի հնագոյն եւ նորագոյն յեղափոխութիւնները, գտնել կամ որոնել մեր պատմ. կեանքի զարգացման տրամաբանական կապն ու տարերային ցնցումների շղթայակցութիւնը, ինչպէս նաեւ` մատնանշել մեր քաղաքական-հասարակական վերածնութեան ուղիներն ու կարելիութիւնները:
    Սակայն, յօրինւածական այս աշխատանքով, մենք ձգտում ենք ո՛չ թէ մեր «արւեստ»-ն ու «մշակոյթ»-ը շքեղազարդելու, այլ մեր կեանքի խռովքը ստեղծագործ ոյժի վերածելու նպատակին:
    Ըստ այսմ` մենք էլ հայ մամուլի մի քանի ընտիր ներկայացուցիչների հետ` պիտի հետապնդենք հիմնական մի նպատակ - մեր ցեղային «ես»-ի յաղթական ինքնարձանացումը` հայոց պատմական կեանքի բնամարզում: Միայն թէ խնդիրներին մօտենալու եղանակով, որով մեր առաջարկելիք միջոցներով, մենք պիտի տարբերւենք նրանցից:
     Մենք ելակէտ ունենք հոգեբանական ա՛յն կենսագործ ճշմարտութիւնը, թե առա՛նց ինքնայաղթահարման անկարելի է որեւէ այլայաղթահարում: Այս ասել է` արտաքին թշնամու պարտութեան էական պայմանը` մեր ներքին տկարութեանց ոչնչացումն է:
    Որով` մեր առաջին նշանաբանն է` «Մա՛հ ներքին տկարութեան»:

-16-

    Պայքարելով մեր ներքին տկարութեանց դէմ, մենք յոյս ունենք կազմաւորել հոգեբանական ա՛յն նախատւեալները, որոնք ցեղակամ, ասել է` ինքնակամ դարձած զանգւածներին անխուսափելիօրէն պիտի մղեն մեր առաջադրած երկրորդ նշանաբանի հարազատման` «Մա՛հ արտաքին թշնամուն»:
    Այս նպատակները նւաճելու համար անհրաժեշտ է.
    ա) Շտապեցնել մեր պայքարի վերսկսումը:
    բ) Գիտականութիւն մտցնել մեր ընդհանուր գործունէութեան եւ հոգեճանաչութիւն` մեր վաղւայ ռազմարւեստի մէջ:
    Պահանջներ են սրանք, որոնք առա՛նց հոգեբանելու, առա՛նց իմաստասիրելու կը մնան անիրականանալի բաղձանքներ:
    Սովորական փորձառութիւնից գիտենք, որ առա՛նց մեր նպատակներն իմաստաւորելու, նրանք կը մնան` աղօտ, իսկ առա՛նց յօրինւածական աշխատանքի` մեր ճիգերը կ’անցնեն` ապարդիւն:
    Փիլիսոփայութիւնը ձգտելով աշխարհի իրականութիւնները քննութեան առնող գիտութիւնների արդիւնքներն ընդհանրական յօրինւածի վերածել եւ իմաստաւորել` ընձեռում է մեզ կենսագործ եւ ընդհանրարժէք ճշմարտութիւններ:
    Այս ճշմարտութիւնները վերացական ըմբռնումներ չեն, այլ կեանքում յաղթանակներ նւաճելու գործնական միջոցներ:
    Որդեգրել այս միջոցները - նշանակում է` սպառազինւել հոգեբանօրէն, իսկ սպառազէն հոգեբանութեամբ պայքարի մտնել - նշանակում է` քայլել դէպի յաղթանակ:
     Մեզ մնում է... արմատախլել հոգեւոր ծուլութեան եւ մտաւոր մակերեսայնութեան չարիքները, լծւել հայ իմաստասիրութեան շէնքը վերա - եւ նորա - կառուցելու աշխատանքին: Ոչի՛նչ կարող է վտանգւած մի ժողովուրդի մտաւորականութեան աւելի՛ բարձր երջանկութիւն պատճառել, քան հոգեբանօրէն կազմակերպւած ներոյժ աշխատանքը` նրան, այդ ժողովուրդին ստեղծագործելու եւ յաղթելու արւեստին վարժեցնելու:
    Որ իմաստասիրութիւնն այդպիսի մի արւեստ է - այդ գիտեն իրենց գոյութեան պայքարը գիտութեան օրէնքներին եւ զէնքերին պատշաճեցնող մեծ ազգերը, այդ կռահել էին հին դարերի հայ բարձր մտաւորականները, այդ պիտի գիտնանք նաեւ մենք` ստեղծագործելու եւ յաղթելու կարօտից տառապողներս:

_______________
    * Հոդվածը, որ 1932թ. իբրեւ խմբագրական գրվել է «Խռովք» ամսագրում, որոշ փոփոխումներով, նշված վերնագրով, արտատպվել է «Տարօնի Արծիւ»-ի 1939թ. թիվ 8-ում:

Հետ                   Գլխավոր               Հաջորդ