-3-

Նվիրվում է Հայկ Ասատրյանի
ծննդյան 105-ամյակին

    Ծռւի՛ր այրւող թղթի պէս եւ գալարւիր որքան ուզում ես, մարմնի մոխիր եւ ոգու ստւեր կը դառնաս դու, եթէ յաւիտենականը իր ողջ խանդով չի արձագանքում մէջդ - <<Գոյ ես, որովհետեւ այնքան ես հին, որքան` նոր»:
    Ունայնութեան մնացորդ է որեւէ երամակ, նախիր կամ ժողովուրդ, եթէ դա իր գոյութեան պատճառներից դէպի ճակատագրի հարցերը չի անցնում նպատակի կամուրջով, եթէ արշալոյսին չի զգում, որ կեանքն աւելի՛ խոր իմաստ ունի, քան ապրելու հաճոյքն ու մահւան ցաւը, եւ վերջալոյսին չի գիտակցում` հենց նրա համար կրկին պէտք է արթնանալ, որ վաղւայ մէջ նո՛յնքան իմաստ կայ, որքան երէկւայ:
    Հազարամեակների ձայնով մենք կանչում ենք -
    «Արթնացի՛ր, հա՛յ մարդ»:

Հ. Ա.


-4-

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ     Ժողովածուն ներկայացնում է 20-րդ դարի հայ ազգային մտածող, իմաստասեր Հայկ Ասատրյանի տեսական մեծարժեք ժառանգության հիմնական մասը:
    Գրքում զետեղված գիտական-ճանաչողական, պատմական-իմաստասիրական, հրապարակախոսական եւ այլաբնույթ նյութերն ամբողջական պատկերացում են տալիս հեղինակի գիտական հարուստ մտապաշարի, ամրակուռ աշխարհայացքի, երեւույթները էաբանորեն վերլուծելու կարողության մասին:
    Գրքում տեղ գտած մի քանի հոդվածներ, որոնք ժամանակին գրվել են իբրեւ խմբագրականներ, բնագրում անստորագիր են, սակայն ակնհայտորեն պատկանում են Հ. Ասատրյանի գրչին:
    Թեեւ Հ. Ասատրյանի անունը վերջին տարիներին հայտնվել է մեր մի քանի մտավորականների ու հասարակական գործիչների շուրթերին, սակայն, ցավալիորեն, նա դեռեւս մնում է իբրեւ <<անհայտ >> հեղինակ, իսկ իր գաղափարական բարձրարժեք ժառանգությունը, նույնիսկ գիտական շրջանակներում, չմարսված ու չարժեւորված:
    Սույն ժողովածուն Հ. Ասատրյանի գործերի՝ մինչ այսօր եղած առավել ամփոփ հրատարակությունն է:

Բովանդակություն                   Գլխավոր               Հաջորդ