Բ) ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

»Մենք տեսանք գաղութի բարոյ-
ական զարհուրանքը, հայրենազուրկ
մարդու հոգու չարչարանքով դիմեցինք
մեր հայրերու աստվածների խորհուրդին
եւ գտանք տարոնականությունը":

ՑԵՂԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝
ՏԱՐՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

     Տարոնական աշխարհայեցողության էաբանական խորքը Ցեղն է՝ տեսակը, որը կենսաբանական (բնական) ըմբռնում է եւ ո՛չ պատմական՝ ինչպես ազգությունը, կամ ընկերային՝ ինչպես ժողովուրդը: Ցեղի (տեսակի) հավերժացումը Տարոնականության սահմանած ընդհանուր գերնպատակն է, իսկ Ցեղի կենսաբանական որակները՝ Արյունը եւ Ոգին, որոնք ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական կենսահայեցողության շաղախը: Ցեղը արյան (նյութի) եւ ոգու՝ մարմնականի ու հոգեկանի բնական ներդաշնակությունն է, եւ Տարոնականությունը ցեղի մարմնական ու հոգեկան հատկանիշների (արյան եւ ոգու) փոխադարձ ազդեցությունն ընդունում է որպես բնածին ճշմարտություն: »Որոշ որակի արյունը կարող է միայն ծնունդ տալ որոշ որակի ոգու: Ոգու եւ ոգու միջեւ այնքա՛ն տարբերություն կա, որքան՝ արյունի եւ արյունի: Տարբեր են ո՛չ միայն սպիտակների եւ դեղինների մարմնական հատկանիշները, այլեւ՝ նրանց հոգեգծությունը",- պարզաբանում է Հայկ Ասատրյանը [14]: Այսպիսով, Տարոնականությունը հաստատում է ցեղի ոգու (որով պայմանավորված են նրա հոգեկան հատկանիշները) եւ արյան (որը պայմանավորում է ցեղի մարմնական գծերը) փոխադարձ կապը, դրանց անկրկնելիությունը, ինքնատիպությունը:
     Որպես »Աստծո կամքի արտահայտություն", ցե՛ղն է, որ ապահովում է բնական կապը մարդու եւ աստվածայինի՝ անցավորի եւ հավիտենականության միջեւ: Այլ խոսքով, անհատն անցավոր է, իսկ տեսակը՝ ենթակա մշտնջենացման, եւ մարդը հաղորդակցվում է հավիտենականի հետ՝ Աստծո[15] կամոք արարված իր տեսակը (ցեղը) հավերժացնելու ճանապարհով:
     Ըստ Տարոնականության, տեսակը ո՛չ թե Աստծուց կանխորոշված

-7-

է հավերժելու, այլ՝ ենթակա է ինչպես հավիտենացման, այնպես էլ վերացման՝ կախված գոյության կռվում նրա կենսունակությունից եւ Աստծո հետ կենդանի կապից: Այստեղ տեղին է բերել Նժդեհի արտահայտած անհանգստությունը ճակատագրապաշտական ծուլության վերաբերյալ, որով համակվածները կարծում են, թե Հայ տեսակը երբեւէ վերանալ չի կարող. »Ես հարցնում եմ այնպես, ինչպես ո՛չ ոք դեռ չի հարցրել. ո՞ւր ենք գնում: Մեզ համար տեղ կա՞ պատմության մեջ... Գիտե՞ մեկը, որ եթե դադարենք գոյություն ունենալե՝ տիեզերաշենքի մեջ մի հատիկ հյուլե իսկ պիտի չշարժվի"[16]:
     Այսպիսով, Տարոնականության մեջ առկա է Աստվածահաղորդության խորհուրդը: Աստվածահաղորդություն դա զգացումն է մեր մեջ գործող բացարձակ Ուժի՝ պատմակերտ Ոգու, առանց որի ճանաչման կարելի չէ հասկանալ պատմությունը, քանզի պատմությունը սոսկ դեպքերի արձ անագրություն չէ, այլ՝ Ոգու հայտնություն:
     »Ազգային ոգի - ահա՛ գերագույն հերոսը, միա՛կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:
     Էապես միայն դա՛ է գործում պատմության մեջ եւ պատմության համար: Անհատ հերոսները ո՛չ այլ ինչ են, եթե ոչ միայն անձնավորողներն այդ ոգու: Մեռնում են հերոսները - Մանվելները, Մուշեղները, Վարդանները՝ մնում է, սակայն, նրանց ոգին, որն իր մարմնավորումը գտնելով այլ հայերի մեջ՝ շարունակում է ապրել ու ներգործել" [17]:
     Իսկ Ոգին հնարավոր չէ հասկանալ առանց բնազանցության եւ էաբանության: Նա, ընդհանրապես, զգայարաններով ընկալելի չէ. այնտեղ գործում է տիեզերաստեղծ Ուժի (իմա՛ Աստծո) կամքը, ու շատ բան պատմության մեջ լինում է հենց ա՛յդ կամքով: Եվ պատմության մեջ հաղթում է նա՛, ով հաղորդակից է այդ Բացարձակին, Աստվածայինին՝ պատմաստեղծ Ոգուն: Վկա՛ եւ Հայոց պատմությունը. »Մեր ժողովրդի ամենազորավոր զենքը միշտ էլ եղել է ոգին" [18]:
     Տարոնականությունը այդ Ոգու տարերքի, ասել է՝ մեր պատմության անգիտակցականի (իռացիոնալի) իմացության փորձ է, առանց որի անհնար է խոսել ճակատագրի հետ: Այն պատմական ոգու ուսմունք է: »Դա՛րձ դեպի ոգին". ահա՛ Տարոնականության առաջադրած նախապայմանը:
     Ցեղի դրսեւորման բնական միջավայրը Հայրենիքն է, երկրագնդի վրա այն հողակտորը, »որին միայն հարազատ ու բնիկ են մեր մարմինն ու ոգին..." [19]: Նա Ցեղի համար ո՛չ թե շահագործելի հող է, այլ՝ էության պահանջ, որ »մի բան է ոգուց եւ ոգու համար". ահա՛ թե ինչո՛ւ Ցեղի առաջին հրամայականն է հայրենատիրությո՛ւն:
     Տարոնականության մեջ առկա է հստակ ըմբռնումը ամբողջական Հայրենիքի, ինչպես նաեւ տարբերակումը՝ պատմական եւ բնական Հայաստանի: Հ. Ասատրյանի բնորոշումներով, առաջինը պատմա-ազգագ-

-8-

րական հասկացություն է, որով՝ հարափոփոխ, ենթակա սեղմումի կամ ընդլայնումի՝ կախված պատմական ժամանակաշրջանից: Պատմական Հայաստանի սահմանները մերթ հասել են Հրեաստան (Տիգրան Մեծի օրոք), մերթ դուրս եկել Կիլիկիա, մերթ ամփոփվել Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելքում (Զաքարյանների ժամանակ) եւ այլն... Կա, սակայն, բնական Հայաստանը՝ որպես բնաշխարհագրական ըմբռնում, խիստ որոշակի բնական սահմաններով, որով եւ անփոփոխ: Դա Հայկական Բարձրավանդակ կոչվող, բնորեն ամբողջական աշխարհագրական տարածքն է՝ Հայ ցեղի արարման կամ կազմավորման բնական միջավայրը: Հայոց հավիտենական հայրենիքն է այդ՝ անկախ ազգագրական պայմ աններից եւ ժամանակների քաղաքական սահմանագծումներից: Հայկ ական Բարձրավանդակից դուրս հայրենիք չկա՛, եւ նրա ամբողջական սահմաններում (իմա՛, ողջ բարձրավանդակին տիրելով) միայն հայերս կարող ենք իբրեւ ազգություն եւ պետություն օրգանապես զարգանալ ու հարատեւել:

*    *    *

     Տարոնականությունը հայապահպանումի՝ օտարության մեջ հա- յին հայ պահելու ինքնանպատակ ճիգ չէր, այլ՝ կորսված Հայրենիքը վերատիրելու եւ Հայաստանում ապրելու անդրդվելի կամք:"Հայը »միջազգային" ասպարեզի էակ չէ... Նա իր Արշակ թագավորի նման հզոր եւ ազատահոգի է միայն ի՛ր հողի վրա: Հայրենի՛քն է նրա ինքնապաշտպանության միակ զենքը",- ասում է Հայկ Ասատրյանը [20]: Այլ խոսքով, գաղթ ահայության ինքնապահպանման, նրա հավիտենորեն հայ մնալու երաշխիքը, ըստ Տարոնականության, ո՛չ թե պայքարն է այլասերման դեմ, այլ՝ պայքարը Հայրենիքի՛ համար:
     Եվ, այս առումով, Տարոնականությունն ունի դարձի ուխտ՝ դեպի հայոց հավիտենական Հայրենիքը:

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՄՔ

    Փաստելով, որ օրվա հայությունը զերծ է ազգային ամբողջականության զգացումից, որով եւ՝ ազգային միության գիտակցումից, նաեւ, լինելով հատվածապաշտ եւ եսակենտրոն՝ առաջնորդվում է նախանձի, հաշվի վրա հենված ներկուսակցական բարոյականով, Տարոնականությունը իբրեւ սկզբունք որդեգրելով ներցեղային բարոյականը՝ ձգտում է արմատախիլ անել ներքին պայքարի ախտը, բովանդակ հայության ուժերը ներքին ճակատից տեղափոխել եւ կենտրոնացնել արտաքին վտանգի դեմ:

-9-

»Կա՛ արտաքին ճակատը, որի վրա միայն կարելի է արժանապես հերոսանալ",- նշանաբանում է Տարոնականությունը [21]:
Միաժամանակ, մատնանշելով այն վտանգավոր հանդուրժողականությունը եւ համակերպվելու տրամադրությունը, որ առկա են մեր մեջ ներքին թշնամիների՝ ստոր, նյութապաշտ, թուլամորթ, հաշվենկատ »հայր ենասիրությամբ" հայ կոչվողների ներկայության նկատմամբ, որոնք, ցավոք, հաճախ առաջավոր դիրքեր են գրավում մեր ազգային կյանքում, Տարոնականության գաղափարախոսները գտնում էին, որ անհրաժեշտ է ամենից առաջ ներքին այս արգելքները վերացնել, որպեսզի կարողանանք հաջողությամբ դիմագրավել արտաքին անխուսափելի արգելքները:
    Որպես ցեղային միություն դավանող ուսմունք՝ Տարոնականությունը դեմ է »դասակարգային" մտածումին, որ կոչված է մասնատելու ազգային մարմինը: Նա ապադասակարգային ուսմունք է:
    - Մի՛ ըսեր »հայ աշխատավորություն",»հայ քաղքենիություն" (բուրժուազիա,- Մ. Լ.), »հայ ավատատեր", »հայ կղեր", ազգը մի՛ պատկ երեր ներքուստ պառակտված, այլ ըսե՝ »հավիտենական հայկականություն«, »հայություն«,- ուսուցանում է Տարոնականությունը [22]:
    Նա ընդամենը ազգային միության քարոզ չէ. վստահ, որ »միությունը կստեղծվի ո՛չ թե կողմերի, հատվածների սակարկություններով, այլ՝ ընդհանուր նպատակի մը, արժեքի մը ենթարկվելու բացարձակ կաքով« [23], Տարոնականությունը սահմանում է այդ ընդհանուր նպատակը (իմա՛Ցեղի հավերժացումը) եւ ցույց տալիս ընդհանրական հավիտենական արժեքները (իմա՛ Ցեղը եւ Հայրենիքը): Միա՛յն այս գերնպատակի ու ընդհանրական այս արժեքների շուրջ եւ դրանց ծառայելու կամքով է հնարավոր մեր ազգային միությունը:

*    *    *

Երկու կարեւոր, փոխկապակցված հասկացությունների՝ ազգային զգացումի եւ ազգային գիտակցության վերաբերյալ Տարոնականությունն ունի հետեւյալ բացատրումները:
Ազգային զգացումը արդյունք է ազգային հավաքական էության, եւ առանձին անհատի մեջ հանդես է գալիս իբրեւ այդ հավաքական էությունից փոխանցված մասնիկ: Այս դեպքում, անհատը բնազդաբար զգում է, որ ինքը կապված է մի հավաքականության եւ զգացումի (բնազդի) թելադրանքով ապրում է այդ հավաքականության կյանքով (կենցաղով, բարոյականով եւ այլն):
Ազգի հավաքական գիտակցությունը ձեւավորվում է նրա առանձին անհատների անջատանջատ գիտակցությունների միավորումով եւ ամբողջացումով: Անհատի ազգային գիտակցությունը հենվում է նրա ազգային զգացումի վրա. դա է ամենասերտ կապը ազգի առանձին անհատ-

-10-

ների գիտակցությունների միջեւ: Այս դեպքում, անհատը սկզբում գիտակցում է այն կապերը, որ կապում են իրեն ազգային հավաքականությանը, այն առանձնահատկությունները, որոնցով ինքը տարբերվում է մյուս ազգերից, գիտակցում է սեփական արժեքը ազգերի համալիրում, ապա, գիտ ակցաբար կամենում է պահպանել ու զարգացնել դրանք՝ այդպիսով հավերժացնելով իր ազգային անկրկնելիությունը, ամրապնդելով ազգի հավաքական միությունը:

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵԼԱԿԵՏԸ

    Երկու ոգիների պայքար՝ պայքար հավիտենարժեքի եւ անցավորի, համահայկականության եւ հատվածականության, հայկական կողմնորոշմ ան եւ օտարահակության միջեւ. այս պայքարում առաջինի ընկրկումն է, ըստ Տարոնականության տեսաբանների, հայության անկման ներքին հոգեբանական պատճառը: Այդ ոգիներից առաջինը նրանք անվանեցին »տարոնական« - »տարոնական ո՛չ թե »տարոնցու« տեղական հասկացությամբ, այլ՝ կապակցությամբ »հավիտենական հայի«, որի ոգին հայտնություն ստացավ Տարոնեն« [24]:
    Որո՞նք են, ըստ Տարոնականության գաղափարախոսների, Տարոնի՝ պատմականորեն առանձնահատուկ գծերը:
    - Տարոնն է եղել հեթանոսական Հայաստանի գլխավոր հոգեւոր կենտրոնը, որ մնաց այդպիսին Հայաստանի քրիստոնեացումից հետո նաեւ:
    - Տարոնում է ստեղծվել »Սասնա Ծռեր« դյուցազնավեպը [25]:     - Տարոնի ծնունդ են հայ հոգեւոր արժեքների երկու հսկաները՝՝ Մաշտոցն ու Խորենացին:     - Տարոնում հաստատվեցին հայոց ռազմուժի ասպետները՝ Մամիկոնյ անները:     - Տարոնն է արեւմտահայ նորագույն ազատամարտի խռովարանը, ուր հիմնականում »թրծվեցան կամ դիմագծվեցան« ամենաինքնատիպ մարտիկները այդ պայքարի:
    Պատմական այս ճշմարտությունները, ըստ Տարոնականության առաջնորդների, սոսկ պատահական զուգադիպություններ չեն, այլ՝ տա- րոնական ոգու խռովքի արտահայտություններ, այդ ոգու հայտնության դրվագներ, եւ տարոնական այդ ոգին է մեր ցեղի հավիտենական զենքը, նրա նկարագրի ա՛յն գիծը, »որ հաղթական հանդիսացավ անցյալ դարերի փոթորիկների դեմ ու պարբերաբար կարելի դարձրեց մեր ազգային վե- րածնունդներն ու հեղափոխությունները« [26]: Եվ պատահական չէր համարվում նաեւ այն, որ դժնդակ այդ տարիներին, սփյուռքի հայրենակ-

-11-

ցական բազմաթիվ միությունների մեջ,- որոնք հիմնականում որդեգրել էին բարեգործական, բարեսիրական սահմանափակ նպատակներ,- հե՛նց Տարոն-Տուրուբերանի Հայրենակցական միությունը պարզեց հայրենատիրության դրոշը եւ որդեգրեց Մամիկոնեից ուխտը:
Իսկ որո՞նք են, ըստ շարժման գաղափարախոսների, տարոնա-կան ոգու հայտնության գլխավոր գծերը կամ տարոնական հայի՝ պատմ ականորեն բախտորոշ գործերը [27]:
    ա) Հայրենաստեղծում - Քաղաքական Հայաստանի (պետության,- Մ. Լ.) առաջին կորիզը ձեւավորվել է Տարոնում եւ տարածվել նախ՝ Այրարատի, ապա՝ ողջ Հայկական Բարձրավանդակի վրա, այդպիսով քաղաքականապես ամբողջացնելով Հայոց հայրենիքը (իմա՛ միավորյալ պետության ստեղծում,- Մ. Լ.):
    բ) Ազգակերտում - Հայկական Բարձրավանդակում հայ տարրի (մեր կարծիքով՝ Հայ ցեղի տոհմերի,- Մ. Լ.) ազգագրորեն ամբողջացումը, կազմակերպված ազգության ստեղծումը իրականացրին տարոնական հայերը:
    գ) Հայկական կողմնորոշում - Տարոնական հայն է հայկական կողմնորոշման դրոշակակիրը, որն, իբրեւ ազգայնական, նշանաբանեց. »Ո՛չ Հռոմ, ո՛չ Պարսկաստան, այլ՝ անկախ Հայաստան«:
    դ) Հայկական բարոյական »ես«-ի արձանացում - արեւելյան եւ արեւմտյան ոգիների միջեւ հայոց բարոյական ու հոգեւոր ինքնատիպ նկարագրի կերտիչը տարոնական հայն է, որ եղավ քրիստոնեության միջոցով հայկական կողմնորոշման կրոնականացնողը (ազատության իդեալը կրոնական զգացումին կապողը):
    ե) Հայոց մշակութաստեղծ »ես«-ի արձանացում - Մաշտոցի պարգեւած տարոնական-համահայկական լույսն էր, որ մեր ազգի ամբողջականության պահպանման մտահոգությամբ ամրապնդեց Հայոց մշակութ ային անհատականությունը:
զ) Հայոց հերոսական ոգու եւ ռազմական կորովի կերտում - Տարոնն է Հայոց ռազմական կորովի խռովարանը եւ տարոնական հայը՝ հա- յոց հերոսական ոգու մարմնավորողը: »Առանց Վահագնապաշտության չէր կրնար ապրիլ հեթանոս Հայաստանը, առանց Մամիկոնյան Վարդանի պաշտամունքի՝ քրիստոնյա Հայաստանը պիտի չունենար գոյությունը իմաստավորող երկունք՝ ապագայի գծի վրա: Ո՛չ մեկ պատահակա-նություն, որ թե՛ Վահագնը, թե՛ Վարդանը տարոնային ոգիներ էին...« [28]:
    Տարոնականությունը, որ փորձում է համադրել հայոց մշակութա- ստեղծ ոգին եւ ռազմական կորովը, քարոզում է արիադավան մտավորա- կանի ու բարոյաշունչ ռազմիկի զինակցություն՝ հանուն Ցեղի եւ Հայրենիքի - »ռազմախանդ մշակույթ եւ կուլտուրաստեղծ հերոսականություն, հոգեւոր Մեսրոպականություն եւ սրտավոր Վարդանականություն՝ միաժամանակ« [29]:

-12-

    - Տարոնակնիք հայկականություն,- բառացի այսպես է բնորոշում Տարոնականությունը շարժման գաղափարախոսներից Արիս Տեր-Իսրայելյանը [30] եւ պարզաբանում.
    ա) Հայկականությունը (նկատի է առնվում վերը թվարկած առանձնահատկությունների հանրագումարը,- Մ. Լ.) սկիզբ է առել եւ կազմակերպվել Տարոնի մեջ եւ այնտեղից տարածվել ողջ Հայկական Բարձր ավանդակի վրա,
    բ) Համահայկական նշանակություն ունեցող հոգեւոր անմեռ արժ եքները առավելապես Տարոնի ծնունդ են,
    գ) Համահայաստանյան հայրենասիրությունը եւ համահայկական ազգասիրությունը միշտ էլ եղել են Տարոնի հայության ցեղային նկարագ-րի ամենաբնորոշ գծերը [31]:
    - Հայոց աշխարհի ո՞ր անկյունում հայն այնպե՜ս պաշտեց իր հողը, այնպե՜ս առյուծացավ ճակատամարտերում, իր երկրի համար այնպե՜ս մեռնել գիտցավ, ինչպես Տարոն աշխարհում,- ասում է Նժդեհը՝ այսպես կարեւորելով Տարոնի անչափելի նշանակությունը.»Ճի՛շտ է, սուրբ է հայրենի երկրի ամեն մի բուռ հողը, սակայն, ճիշտ է եւ այն, որ հայրենիքն երն ունեն իրենց պատմա-ռազմագիտական տեսակետից ամենանվիրական ու ամենակարեւոր երկրամասը - այն երկրամասը, ուր ցեղը ամենեն շա՛տ է արյուն թափել, կուլտուրական գանձեր դիզել, հերոսական ու պատմություն ստեղծել, ա՛յն երկրամասը, առանց որի՝ հայրենիքը ո՛չ թե զորավոր ու անկախ լինել, այլեւ՝ իր գոյությունը պահել, ինքնապաշտպ անվել չի կարող:
    Ճակատագրորեն մեծ է Տարոնի նշանակությունը մեր Ցեղի եւ Հայրենիքի պաշտպանության համար: Քանի դեռ մեր երկրի աշխարհագրական մարմնից կտրված կմնա Տարոնը՝ վտանգված կմնա մեր հայրենիքի ապագան«
[32]:

*    *    *

    Թեեւ Տարոնական շարժումը խորքով համահայկական էր, այդուհ անդերձ, շարժումն ամբաստանողները չարախոսում էին, թե նա հատվ ածականություն է սերմանում հայության մեջ, թե նա ընդամենը տարոնցի հայերի շարժում է՝ տարոնցիություն, որը Հայաստանի ոգին ուզում է փոխարինել նրա մեկ գավառի անունով:
    Վճռապես մերժելով նման մեկնաբանությունը, Ա. Տեր-Իսրայելյանը հաստատում է. »Տարոնականությունը պետք չէ միամտորեն, տգիտորեն կամ չարամտորեն շփոթել տարոնցիության հետ: Տարոն ծնած ամեն հայ տարոնական չէ եւ ո՛չ ալ Տարոնի սահմաններեն դուրս ծնած ամեն հայ՝ հակա կամ ոչտարոնական... Տարոնական է ամեն հայ, որ Հայաստանի համար ապրելու, ստեղծագործելու եւ մանավանդ մեռնելու կամք ունի...«[33]:

-13-

Տարոնականության էությունը չհասկացողները հաճախ ուսմունքի հատվածականությունը »հիմնավորում« էին՝ կառչելով բառին:
    Ճիշտ է, նոր է բառը, բայց հին են ոգին եւ գաղափարը: Որպես Ցեղի հավիտենականի եւ Հայրենիքի սեփականության զգացում, դրանց համար քաջաբար կռվելու ու մեռնելու ուխտ, Տարոնականությունը նույնք ան է հին, որքան Տարոնն ու հայությունը: Այս առումով, բավական դիպուկ է Նժդեհի հետեւյալ համեմատությունը. »Սիոնը կար, »սիոնականություն « բառը չկար: Նա հազարամյակների պատմություն ունի, սա՝ տասն ամյակների: Կարո՞ղ եք պնդել, որ անհայրենիք հրեության դարավոր կյանքը վարողը սիոնականությունը չէ եղել: Արդյոք քաղաքական սիոնիզմը հրեության դարերի հոգեւոր սիոնականության արդյունքը չէ՞: Ինչո՞ւ հրեան իր պաշտամունքը Սիոնի հանդեպ անվանեց սիոնիզմ, իսկ իրեն՝ սիոնիստ: Եվ, կարծո՞ւմ եք, որ այդ »բառը« զգալապես (զգալիորեն,- Մ. Լ.) չակտիվացրեց օրվա հրեան: Սիոնականությունից առաջ կարելի՞ էր երեւակայել, որ մեր օրերում Պաղեստինը պաշտպանելու համար աշխարհ կգա հին հերոսական Մակաբեյներին հիշեցնող մի նոր սերունդ: Չխաղա՛նք բառերի հետ... Ով խուսափում է ոգուց եւ կառչում բառերին, ցույց է տալիս, որ թշնամի է խորքին, իմաստին, բովանդակության« [34]:
    Տարոնականության մեջ էականը անունը չէ, կարեւոր չէ նույնիսկ ա՛յն, թե արդյո՞ք Տարոնում է ձեւավորվել Հայոց պետության առաջին կորի զը կամ Տարոնի՞ հայերն էին արդյոք Հայկ. Բարձրավանդակում հայ տարրի համախմբողն ու ազգորեն ամբողջացնողը. ապագա հայագիտությունը կհաստատի կամ կժխտի դրանք: Տարոնականության մեջ էականը նրա քարոզած բարոյականն է, հավիտենարժեք հասկացությունների վերաբերյալ նրա տված ճշմարտությունները, Աստված-Ցեղ-անհատ կապի մեկնումները, ներցեղային բարոյականի՝ նրա սահմանած ընդհանրական արժեքները...
    Տարոնականության խնդիրը ո՛չ թե Տարոնի գերակայության հիմն ավորումն է Հայոց այլ »աշխարհների« նկատմամբ, այլ՝ պատմականորեն Տարոնում ստեղծված հավիտենական արժեքների համահայկականացումը:

ԴԱՍԱԿԱՆ ՀԱՅԻ ԽՆԴԻՐԸ

    Արդեն ասվեց, որ Տարոնականության մեջ առկա է Աստվածահաղորդության խորհուրդը, որն, առաջին հերթին, նշանակում է՝ հաղորդակցում Աստծո կամքով մեր մեջ գործող Ցեղի ոգուն, որով պայմանավորված են մեր հոգեգծերը: Եվ որքան մենք հավատարիմ ենք Աստծուց մեզ

-14-

տրված այդ հոգեգծերին, առաքինություններին, այնքանով հաղորդակից ենք իրեն:     Սակայն, պատմության բերումով, հայությունն, իր ընդհանրության մեջ, մոռացության է տվել այն հոգեգծերը, որ տրված են եղել իրեն սկզբնական (դասական) վիճակում: Ահա՛ թե ինչո՛ւ, մեր դժբախտությունն երի հոգեբանական պատճառները փնտրելով այն տարբերության մեջ, որ ունի նոր ժամանակների հայը դասական, ամբողջական հայից, տարոն ական ոգու առաջնորդները խնդիր էին դնում »գտնել դասական հայի հոգեգծերը եւ դաստիարակչորեն զանոնք հարազատել տալ ապրող հայ սերնդին« [35]: Եվ հենց դա էր համարվում Հայոց ճակատագիրը փոխելու հիմնական միջոցը, ցեղային խառնվածքով օժտված նոր հայի կերտման առաջին քայլը:
    Դասական հային անվանեցին »տարոնական կամ տարոնատիպ«, որպես պատճառաբանում բերելով Տարոնին եւ տարոնածին հա-յերին վերագրվող, վերը արդեն թվարկած համահայկական արժեքներն ու համահայաստանյան գործերը: Որպես տարոնական հայի տիպար ներկայացվեց Մամիկոնյան հայը, որի մեջ անբաժան են ուժն ու բարոյականը՝ հզորության եւ սրբության զգացումները, եւ որի հմայիչ գաղափարատիպն էր նկատվում Վարդան սպարապետը [36]:
    Զինվորագրվել Մամիկոնեից Ուխտին, քայլել Մամիկոնյանների ճամփով, Ցեղի եւ Հայրենիքի համար նրանց պես մեռնել ուզել ու մեռնել գիտենալ - ահա՛ թե ի՛նչ է պահանջում Տարոնականությունը, որի խնդիրը »հայ մարդու կաղապարումն է՝ ըստ Մամիկոնյան հայու պատկերի« [37]:
    - Նմանվի՛ր Մամիկոնյան հային, որ զորավոր էր դեպի հայրենի երկիրն ու ցեղը տածած սրբազնության զգացումով եւ նրանց համար մեռն ելու իր աննահանջ կամքով,- պատգամում է Նժդեհը [38]:
    Տարոնականության առաջնորդները ակնկալում էին տկարությունն իր մեջ հաղթահարած մի նոր սերունդ՝ վտանգի՛ սերունդ (վտանգը զգացող, կռահող եւ այն կանխող սերունդ), որը Մամիկոնյան հրաշունչ ռազմիկներից կսովորեր՝
»ԱՊՐԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ Ա՛ՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ ՄԵՌՆԵԼ, ԵՎ ՄԵՌՆԵԼ Ա՛ՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ ԱՊՐԵԼ« [39]:
    Վտանգված Հայրենիքի եւ Ցեղի համար մեռնելու վճռական կամքսա՛ է տարոնական հայի գերագույն բարոյականը:
    Մեռնել, բայց չպարտվել, չտեսնել հայրենիքը պարտված, չտանել պարտության ամոթանքը - այսպիսի՛ն է Տարոնականության ռազմական բարոյականի օրենքը:
    Մեռնելո՛ւ կամք - դա աննպատակ մահվան կամ սոսկ նահատակության ձգտում չէ, այլ՝ Ցեղի ու Հայրենիքի համար հոժարակամ եւ արիաբար մեռնելու ներքին մղում, պատրաստակամություն: Այն մահվան սարսափն իր մեջ սպանած, ասել է՝ մահը հոգեբանորեն հաղթահարած

-15-

մարդու վճիռն է՝ զոհաբերվելու Ցեղի բագինին, առանց որի հնարավոր չէ ո՛չ մի հերոսացում, ո՛չ մի հաղթանակ: »Գոյության իմաստը հասկանում են նրանք, ովքեր մեռնելու կամք ունեն« [40]:
    Եվ այս առումով, Տարոնականությունը, Հայկ Ասատրյանի բնորոշմ ամբ, »ուսմունք չէ »բոլորի եւ ոչ ոքի համար«, այլ միայն ընտրյալների: Դա կանչ է՝ ուղղված միայն նրանց, որոնք ընդունակ են բարոյական նորոգումի«: Դա ուսմունք է ա՛յն նախատեսված ընտրանու համար, որ »սրտի կսկիծով ապրում է տխուր ներկան եւ հոգու աչքով տեսնում երջանիկ ապագան« [41]:

*    *    *

    Միաժամանակ, Տարոնական ոգու առաջնորդները սահմանում են այն հատկանիշները, որոնք պարտադիր են Ցեղի անունից հանդես եկող հայ անհատների ու կազմակերպությունների համար.
    ա) Ցեղի եւ Հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք,
    բ) Ցեղային հավիտենականի խոր զգացում,
    գ) Ներցեղային բարոյական,
    դ) Հաղթողական ոգի,
    ե) Պատմական ճակատագրի խոր ճանաչողություն,
    զ) Հայրերի գործի եւ նպատակի հաղորդություն,
    է) Հայրենազգացություն,
    ը) Օտարությունը որպես գերագույն դժբախտություն ապրելու առաքինություն,
    թ) Մեծագործության կամք ու բարոյական:

»Ասոնք բարոյագիտական-դաստիարակչական որակներ են եւ ո՛չ թե քաղաքական նշանախոսքեր, ապրումի խնդիրներ եւ ո՛չ թե կանոնագրական կետեր, բարոյական ընդհանուր պահանջներ եւ ո՛չ թե կուսակցական մասնավոր պարտականություններ, սիրտը մշակող բովանդակությունն եր եւ ո՛չ թե կարգապահական ձեւեր: Բայց առանց ասոնց՝ ո՛չ քաղաքական ճշմարիտ գործն ու նպատակն են հնարավոր, ո՛չ ժողովուրդի ցեղային տարերքին համապատասխանող կանոնագրություն, ո՛չ նվիրումի պարտականության զգացում, ո՛չ կարգապահական բարոյականություն« [42]: Այս որակները կրողներին է տրված միայն բարոյական իրավունք՝ խոսելու եւ հրամայելու Ցեղի անունից:

*    *    *

Տարոնականությունը մեր պատմության հեթանոսական եւ քրիստոն եական ժամանակաշրջանները արժեւորում է ցեղայինի առաջնայնու-

-16-

թյան սկզբունքով՝ գնահատելով եւ օրինակելի համարելով այն ամեն ցեղային-հայկականը, որ առկա է մեր պատմության ե՛ւ հեթանոսական, ե՛ւ քրիստոնեական դարերում.
    »Մենք շարունակ պիտի քարոզենք մեր հեթանոսական Աստծո՝ Վահագնի ոգին մեր ընթերցողներուն, որպեսզի անոնք առողջարար եւ կենսատու օդ շնչեն եւ դառնան օգտակար զինվորներ արդարության բա- նակին:
    Մենք պիտի հետեւինք այն ճամփուն, ուրկե քալեր են ու կքալեն բոլոր հայրենասերները, եւ պիտի կատարենք այն աշխատանքները, ինչ աշխատանք որ մեզ կթելադրեն Սուրբ Սահակներն ու Մեսրոպները եւ Մամիկոնյան Վարդանները« [43]:
    Մի հանգամանք եւս:
    »Ոգին մահ չունի«. »մեր էության մեջ մենք հող չենք, որ հող դառն անք, այլ՝ ոգի, որ ոգի մնանք«: Բարոյական այս մեծ իմացությունների վրա են հենվել Տարոնականության գաղափարախոսները:     - Երբ »Տարոն« եմ ասում, ինձ թվում է, թե լեռներում ապրող գերբնական ոգիներն են գծում հանճարի եւ հերոսության հորիզոնները,- ասում է Հ. Ասատրյանը [44] եւ պատգամում. »Ոգին չի՛ պահվում. ոգին աճում է գործելով: Գործի՛ր այնպես, որպես թե գերբնական ուժերից զորություն ես ստանում եւ ո՛չ թե դատարկվում նրանց առաջ: Այդպիսով՝ դու կգործես քո Աստծո հետ: Կգործես կարելիությունների մի աշխարհում, որի բոլոր իրացումների աղբյուրը քո կամքն է« [45]:
Այս ամենը մեզ խորհել են տալիս ոգու բացարձակության, կամքի ամենակարողության, բնության թաքնված ուժերի շուրջ, ու, միաժամանակ, խանդավառության եւ ուսումնասիրության ասպարեզ բացում թաքն ագիտությամբ, ոգեգիտությամբ հետաքրքրվող այն հայորդիների համար, որոնք առայժմ ճգնում են միայն այդ բնագավառի օտար հեղինակներին եւ ուսմունքներին ծանոթանալու:

*    *    *

    »Տարոնի Արծիվի« 12 համարներով (Տարոնականությունը որպես գաղափարախոսություն առկա է »Տարոնի Արծիվի« միայն 1938-1939թթ. 12 համարներում, այսինքն, մինչեւ ամսաթերթի՝ Սոֆիայից Նյու Յորք տեղափոխումը) Տարոնականության տեսաբանները, իրենց իսկ խոստովանությամբ, չհասցրին տալ ամբողջությամբ ուսմունքը, այլ միայն Տարոնականության նախապատրաստությունը, նրա ներածությունը, եւ դեռ »ցեղահաղորդ հայ մտավորականությանը կմնա հիմնավորել եւ խորացնել համահայկական ոգիի, փառքի, հերոսականի, մեր ցեղի անցյալ եւ ապագա հավիտենականի այդ կենարար ուսմունքը, դավանանքը« [46]:
    - Դեռ չկան, գրված չեն »Հայոց ցեղային բարոյագիտությունը« եւ

-17-

»Հայոց պատմության փիլիսոփայությունը«. այսպիսի պատգամ են թողնում մեզ տարոնական ոգու առաջնորդները [47] եւ Տարոնականությամբ համակվելու ընդունակ ամեն ցեղազգաց Հայի, իբրեւ ժառանգություն, փոխանցում հավիտենական նշանախոսք. »Ցեղն է իմ գոյության իմաստը եւ Հայաստանը՝ իմ ճակատագիրը« [48]:

-18-



Ծանոթագրություններ

    14. »Տարոնի Արծիվ«, 1939թ. թիվ 8, էջ 15:
    15. Աստծո գաղափարի տակ հասկացվում է՝ տիեզերաստեղծ, հավիտենական մի Ուժ, բացարձակ ու բարձրագույն մի արարիչ Էություն: Տարոնականության մեջ էական չէ՝ Աստծո կա՞մքն է ստեղծել տիեզերքը, թե՞ տիեզերքի կամքն է ստեղծել Աստծուն. երկու դեպքում էլ մենք ծնունդ ենք արարչական կամքի, մի մասնիկը՝ արարչագործության:
    16. »Տարոնի Արծիվ«, 1938թ., թիվ 1, էջ 4:
    17. Գ. Նժդեհ, »Խորհրդածություններ«, էջ 52:
    18. »Տարոնի Արծիվ«, 1938թ., թիվ 2, էջ 35:
    19. Նույնը, 1939թ., թիվ 7, էջ 6:
    20. Նույնը, 1938թ., թիվ 5-6, էջ 56:
    21. Նույնը, էջ 6:
    22. Նույնը, 1939թ., թիվ 11, էջ 3-4:
     23. Նույնը, էջ 4:
    24. Նույնը, 1938թ., թիվ 3-4, էջ 1-2:
    25. Թեեւ Շիրակացու »Աշխարհացույցում« Սասուն գավառը չի ընդգրկված Տարոն աշխարհի մեջ (Շիրակացի, »Մատենագրություն«, Երեւան 1979թ., էջ 293), սակայն, պետք է հաշվի առնել, որ »Աշխարհացույցն« իրենից ներկայացնում է ընդամենը պատմական մի որոշ՝ Արշակունիների ժամանակաշրջանի Մեծ Հայքի վարչական-տարածքային

-19-

բաժանումը եւ ոչ բոլոր դեպքերում է հաշվի առնում տարածքի բնաաշխարհագրական ամբողջականությունը: Օրինակ՝ Խութ գավառը ընդգրկված է Տարոն աշխարհում, իսկ նրա կողքին գտնվող, նույն բնական պայմաններով, ազգագրական գրեթե նույն առանձնահատկություններով Սասունը մտցված է Աղձնիք աշխարհի մեջ:
    Տարոնի աշխարհը (Տուրուբերան նահանգ) բնաշխարհագրական ամբողջություն է, մի լեռնաշխարհ՝ չորս կողմից շրջապատված լեռնային հաստ գոտիներով (այդ թվում եւ Սասունի լեռներով), որի կենտրոնում ընկած է Մշո դաշտը:
    26. »Տարոնի Արծիվ«, 1938թ., թիվ 2, էջ 42:
    27. Տարոնականության պատմական ելակետը հիմնավորող դրույթները հենվում էին այն ժամանակվա գիտական մտքի վրա: Այսօր, հայագիտության մի շարք նվաճումներ կարող են փոխել որոշ գնահատականներ՝ բնավ չազդելով ուսմունքի էության վրա:
    Ի դեպ, Տարոնի առանձնահատկության մասին արտահայտվել են այլ հեղինակներ եւս: Մասնավորապես, Լեոն իր »Հայոց պատմության« մեջ նկատում է. »... Տարոնը հայկական պետության մի շատ կարեւոր մասն էր կազմում, այնքան կարեւոր, որ նրան անվանում էին Հայոց Տուն, պետք է ենթադրել այն պատճառով, որ հայության ամենանվիրական ա- վանդությունների երկիրն էր այդ« (Լեո, Երկերի ժողովածու, Եր. 1967թ., հտ. 2, էջ 520): Իսկ Գարեգին Սրվանձտյանցը, Մամիկոնյաններին արժեվոր ելիս, այն միտքն է հայտնում, թե վերջիններս Տարոնում հաստատ-վելով է, որ քաջության շնորհն ու անունը վաստակեցին. »Ես կըսեմ՝ Մամիկոնյանք եկան այս [Մշո] աշխարհին մեջ եւ աշխարհի բնակիչներով քաջության անունը միշտ ժառանգեցին, քան թե զայն իրենց հետ բերին ու ասոնց տվին« (Գ. Սրվանձտյանց, Երկեր, Երեւան 1978թ. հտ. 1, էջ 31):
    28. »Տարոնի Արծիվ«, թիվ 3-4, էջ 3-4:
    29. Նույնը, թիվ 2, էջ 34:
    30. Արիս (Արիստակես) Տեր-Իսրայելյանը ծնվել է Բուլանըխում: Մանկությունից ծնողների հետ փոխադրվել է Կովկաս, ուր սովորել է Էջմի ածնի Գեւորգյան ճեմարանում: 1912թ.-ին անցել է ԱՄՆ եւ 1917թ.-ին այնտեղ հիմնված Տարոն-Տուրուբերանի Հայրենակցական Միության հիմնադիրներից է:
    Ա. Տեր-Իսրայելյանը Տարոնականության գաղափարախոսներից է. Տարոնական ուսմունքի վերաբերյալ ունի հոդվածաշար »Տարոնի Արծիվում «:
    Մինչեւ կյանքի վերջը ապրել է նյութական ծանր պայմաններում: Մահացել է 1942թ.-ի դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ-ի Էքրըն Օհայո քաղաքում: Մահվան առթիվ, »Տարոնի Արծիվը«, խմբագրականով հարգել է նրա հիշ ատակը (Տարոնի Արծիվ«, Նյու Յորք 1943թ., թիվ 22):
    31. »Տարոնի Արծիվ«, 1938թ., թիվ 3-4, էջ 6:
    32. Նույնը, թիվ 1, էջ 4-5:
    33. Նույնը, թիվ 3-4, էջ 6:
    34. Նույնը, թիվ 5-6, էջ 16: Նժդեհի այս համեմատությունը ոմանց բերել է այն անլուրջ եւ անհեթեթ հետեւության, թե իբր Տարոնականությունը Սիոնականության ընդօրինակումն է:
    36. Մենք չենք անդրադառնա պատմական այն կարեւոր հարցին, թե որքանո՞վ են Վարդանի ու Ավարայրի դերերը չափազանցված (ինչպես եւ որքանո՞վ արդար՝ Սյունյաց Վասակին տրված դավաճանի խարանը), այլ կուզենք հիշեցնել, որ Վարդանի պաշտամունքը ժողովրդի մոտ դարերով նույնացվել է Ազգի ու Հայրենիքի պաշտամունքի հետ, եւ Տարոնականության գաղափարախոսները, որ նպատակ չունեին կյանքից կտրված ուսմունք տալու, այս իրողության հետ հաշվի են նստել: Կարծում ենք, որ նույնանման մոտեցման արդյունք է նաեւ նրանց կողմից Լուսավորչի տան մեծարումը իր՝ իբր »հայաշունչ« հայրապետներով: Այստեղ կարեւոր է հիշատակել նաեւ, որ Տարոնականության հիմնադիրն երը Լուսավորչին ու Մամիկոնյաններին չէին համարում այլազգիներ, ինչպես սովորաբար ընդունված է համարել:
    37. »Տարոնի Արծիվ«, 1939թ., թիվ 11, էջ 9:
    38. Նույն տեղում: Մամիկոնյաններին նմանվելու Տարոնականության պատգամն ու պահանջը բացատրվում էր նրանով, որ Մամիկոնյան հայերի մոտ Ցեղի եւ Հայրենիքի համար կռվելու ու մեռնելու բարոյականն ուներ ժառանգական բնույթ՝ փոխանցվելով սերնդե-սերունդ (հիշենք Մամիկոնյան ասպետների շքեղ փաղանգը՝ Վաչե, Վասակ, Ձիրավի Մուշեղ, Մանվել, Ավարայրի Վարդան, Վահան, Կարմիր Վարդան, Գայլ Վահան, 8-րդ դարի Մուշեղ...): Միաժամանակ, հաշվի էր առնվում եւ այն, որ մեր պատմիչների ու Եկեղեցու՝ երբեմն նաեւ ենթակայական մոտեցման շնորհիվ, Հայոց պատմության ու ժողովրդի մեջ առավել փառաբանված էին Մամիկոնյանները:
    39. »Տարոնի Արծիվ«, 1938թ., թիվ 2, էջ 43:
    40. Նույնը, 1939թ., թիվ 9, էջ 29:
    41. Նույնը, 1938թ., թիվ 5-6, էջ 59:
    42. Նույնը, 1939թ., թիվ 12, էջ 5-6:
    43. »Տարոնի Արծիվ«, Նյու Յորք 1942թ., թիվ 18, էջ 3:
    44. Հ. Ասատրյան, »Հայաստան - Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում«, Սոֆիա 1942թ., էջ 285:
    45. »Տարոնի Արծիվ«, 1939թ., թիվ 9, էջ 32:
    46. Նույնը, թիվ 2, 1938թ., էջ 34:
    47. Նույնը, թիվ 12, 1939թ., էջ 7:
    48. Նույնը, թիվ 1, 1938թ., էջ 17:

Նախորդ     Գլխավոր     Հաջորդ